ՊԵԿ-ն ունի աստղերի նկատմամբ հարկային հսկողության միջոցառումներ իրականացնելու եղանակներ

0

Տեւական ժամանակ է՝ ՀՀ Պետեկամուտների կոմիտեն հորդորում է շոու-բիզնեսի հայկական ներկայացուցիչներին ստանալ պետական գրանցում կամ ինքնահայտարարագրել սեփական եկամուտները եւ վճարել հարկեր: Այս հայտարարությունը քննարկումների առիթ է դարձել. որոշ հայտնիներ պատրաստակամ են հետեւել դրան, ոմանք էլ ընդգծում են բացասական կողմերը: Դրանցից մեկն այն է, որ, ըստ որոշ հայտնիների, ՊԵԿ-ը չի կարող վերահսկել ու հետեւել, որ բոլորը հավասարապես հետեւեն օրենքին: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում վարչարարության մեթոդաբանության ընթացակարգերի եւ սպասարկման վարչության պետ Հրաչյա Մուրադյանը նշեց, որ դա անհնար չէ:

«Դա կլինի օրենքով Պետեկամուտների կոմիտեին տրված լիազորությունների շրջանակում. կարող են լինել 3-րդ անձանցից ստացած տեղեկություններ, օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տեղեկություններ… դրանց արդյունքների իրացմամբ միայն: Ուրիշ ոչ մի ձեւով: ՊԵԿ-ը տարբեր աղբյուրներից (դրանք օրենքի իմաստով կոչվում են 3-րդ անձիք)՝ 3-րդ անձանցից ստացված տեղեկություններ ունի եւ նաեւ վարչարարական գործիքակազմ, որոնք նախատեսված են օրենսգրքում ու օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքում»,- ասաց նա:

 

Image result for ՊԵԿ-ն ունի աստղեր

Ըստ Մուրադյանի՝ այս հարցում հիմնական խնդիրն իրազեկվածության պակասն է: Շատերին թվում է՝ օրենքը նոր է, սակայն նա ընդգծում է, որ այդպես չէ: Դեռեւս 90-ականներից եկամտային հարկի մասին օրենքում այս մեխանիզմը դրված է եղել, ու շարունակվել է նաեւ հետո, Հարկային օրենսգիքի շրջանակներում: Եվ սա միայն շոու-բիզնեսի ներկայացուցիչներին չէ, որ վերաբերում է: Վերաբերում է ՀՀ ռեզիդենտ հանդիսացող բոլոր անձանց, որոնք ունեն որեւէ եկամուտ, որից հարկ է առաջանում: Շոու-բիզնեսի ներկայացուցիչներին առանձնարցել են՝ հասարակության համար ցայտուն օրինակ բերելու նպատակով:

«ՊԵԿ-ը հայտարարել է նրա համար, որ օրենքում այսպիսի դրույթներ կան, իմացեք, հարգելի՛ վճարողներ, որպեսզի հայտարարագրեք եկամուտները, որոնք չեն հարկվել: Դրանց մասով միայն պետք է հայտարարագիր ներկայացնել: Ընդ որում՝ այս հայտարարագրի թեման անընդհատ շոշափվել է երգիչ-երգչուհիների հետ կապված, քանի որ մշակութային գործիչներին ենք ընտրել, որպեսզի նրանք օրինակը լինեն հասարակության լայն շերտերի համար»,- ասաց Մուրադյանը՝ ավելացնելով, որ հանդիպումներ է ունեցել ոլորտի ներկայացուցիչների հետ, ներկայացրել՝ ինչպես է լինելու, ինչպես է պետք է ներկայացնել, ինչ պարբերականությամբ, ինչպես պետք է վճարել:

Շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ բարձրաձայնում էին, որ իրենցից հարկեր են պահանջում, սակայն իրենք ոչ մի տեղ գրանցված չեն, ստաժ չունեն ու ապագայում ցածր թոշակ կստանան: Մուրադյանը տարբեր մեխանիզմներ է ներկայացնում՝ այդ բացը լրացնելու համար: Նշում է, որ, օրինակ, երգիչն աշխատանքային կամ քաղիրավական պայմանագիր կարող է կնքել այն ռեստորանի հետ, որտեղ երգում է, ռեստորանն աշխատավարձ կվճարի, որովհետեւ տվյալ երգիչը կդառնա գրանցված, օրինական աշխատող ու նաեւ աշխատանքային ստաժ կունենա: Ստեղծագործողների համար նաեւ միջոցներ է ներկայացնում:

«Մի դեպքում, երբ ֆիզիկական անձը եկամուտ է ստանում այլ ֆիզիկական անձից, պետք է տանի հայտարարագրի որպես ֆիզիկական անձ: 2-րդ, եթե ձեր իրականացրած գործունեությունը դիտում եք որպես բիզնես, մի դեպքում կարող եք մտածել՝ ստեղծագործական բաղադրիչը ավելի շատ է, հետեւաբար ստացած եկամուտը ես կհայտարարագրեմ, բայց մյուս դեպքում ես կցանկանամ գրասենյակ, աշխատողներ ունենալ, որոնք կզբաղվեն իմ համերգների կազմակերպմամբ, դարձնել բիզնես սուբյեկտ: Այդ դեպքում կարող եմ գրանցել կազմակերպություն կամ ես դառնամ անհատ ձեռներեց, ու այս պարագայում հարկման մեխանիզմներն այլ կլինեն: Եթե, օրինակ, ես ստեղծել եմ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, ապա ինքը հնարավորություն ունի բիզնեսի մյուս տեսակների նման հավասար իր հարկերը հաշվարկելու, ներկայացնելու: Եթե ցանկանամ անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակով անել, ապա էլի հնարավորություն կունենամ բիզնեսի նման հաշվարկելու եւ սոցվճարներ կատարելու պարտականություն կունենամ եւ այլն»,- պարզաբանեց նա:

Եկամտային տարեկան հաշվարկը ֆիզիկական անձիք ներկայացնում են տարեկան կտրվածքով մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 20-ը: Այսինքն՝ 2018 թ. համար հայտարարգիրը պետք է ներկայացնեն 2018 թ. ավարտվելուց հետո մինչեւ 2019 թ. ապրիլի 20-ը:

Աղբյուրը ՝ armtimes.com

Leave A Reply

Your email address will not be published.