Գև Գևորգյան. «Առաջին հիասթափությունը մարդկային հարաբերություններում ազնիվ չլինելն է»

0

 

Public.am-ի զրուցակիցն է սիրված երգիչ Գև Գևորգյանը: Վերջինիս հետ զրուցել ենք ստեղծագործական նորությունների, ապրած հիասթափությունների, բամբասանքների մասին և ոչ միայն:

1. Գև, ի՞նչ նորություններ ունեք ձեր երկրպագուների համար. նոր երգեր, դուետներ:

Շուտով կներկայացնեմ նոր երգ գուցե տեսահոլովակի տեսքով, բայց դեռ մի փոքր վաղ է խոսել այդ մասին, քանի որ մեկ երգի վրա չենք աշխատում, այլ միաժամանակ մի քանի երգերի ստեղծման, ըստ այդմ թիմում կա տարակարծություն, թե որ երգի հիման վրա պետք է նկարահանվի տեսահոլովակը: Զուգերգի առաջարկներ եղել են և կան, եղել է դեպք, որ ինքս հրաժարվել եմ կատարել, բայց ամեն ինչ դեռ առջևում է:

2. Ի՞նչ խոչընդոտների եք բախվել կամ բախվում ձեր գործունեության ընթացքում:

Այսպես միտքս ձևակերպեմ. միշտ էլ լինելու են խոչընդոտներ, չկա մի ոլորտ, որտեղ ամեն ինչ հարթ լինի: Դա ցանկացած երկրում էլ կա, ուղղակի, ի տարբերություն այլ երկրների, մեզ մոտ մի փոքր այլ է. բարդ է այնքանով, որ պետք է կարողանալ առաջին հերթին վաստակել այնքան գումար, որ կարողանաս ներկայացնել նոր աշխատանք և այլն:

3. Խոսենք հիասթափությունների մասին: Վերջին ամենացավոտ հիասթափությունը:

Հիասթափություններ միշտ լինում են ու կլինեն: Կարծում եմ առաջին հիասթափությունը մարդկային հարաբերություններում ազնիվ չլինելն է, որին բախվում ենք բոլորս ամեն օր: Միայն սուտը և կեղծ լինելը կարող է ցավ պատճառել:

 

4. Շոու բիզնեսի ներկայացուցիչները զերծ չեն մնում նաև բամբասանքներից: Ինչպե՞ս եք վերաբերում դրանց:

Գիտեք, մեծ հաշվով այդ բամբասանքները ինձ չեն հետաքրքրում, բայց դա դեռ չի նշանակում, որ ցանկացած մարդ իրեն լավ է զգում, երբ իր մասին ինչ-որ կեղծ նորություն է լսում: Առողջ քննադատությանը լիովին համաձայն եմ, եթե այն չափի մեջ է և կոռեկտության սահմանում է, երբ մարդու աշխատանքն են քննադատում, այլ ոչ իր անձը, դա նորմալ է:

5. Ձեր բարեմաղթանքը Public.am-ին և նրա ընթերցողներին:

Public.am -ին մաղթում եմ, որ լինի հայաստանյան ժամանցային, ինֆորմացիոն դաշտի ամենակարդացվող և դիտվող կայքը: Դուք ունեք նաև նոր ու հետաքրքիր հաղորդում՝ «Muz Public»-ը՝ ի դեմս հաղորդավարուհի Դինա Ակոպովնայի: Այն հասցրել է լինել սիրված, ճանաչված և պահանջված: Ցանկանում եմ, որ Ձեր կայքում լինեն նման սիրված հաղորդումներ:

 

Հարցազրույցը՝ Լուսինե Առաքելյանի

Leave A Reply

Your email address will not be published.