Վազգեն Թևանյանը և Հովհաննես Մաղաքյանը՝ ոսկե մեդալակիրներ

0

Հայաստանը ներկայացնող 61 կգ քաշային Վազգեն Թևանյանը և 125 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը դարձել են ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող։ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կայացած ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության 61 կգ քաշային կարգի եզրափակչում Թևանյանը 5:2 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ինտիհամ Վալիզադային: Նախօրեին հայ ըմբիշը 2 հաղթանակով (7:1, 12:0) մեկնարկելուց հետո դուրս էր եկել կիսաեզրափակիչ, որտեղ 8:1 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Ֆրանսիան ներկայացնող Արման Էլոյանի նկատմամբ:

Գերծանր քաշայինների պայքարի եզրափակիչում Հովհաննես Մաղաքյանը 4:2 հաշվով առավելության է հասել ուկրաինացի Յուրի Իդզինսկու նկատմամբ: Մաղաքյանը պայքարը սկսել էր օգոստոսի 4-ին, երբ վրացի (7:3) ու ադրբեջանցի (5:2) ըմբիշների նկատմամբ հաղթանակներից հետո կիսաեզրափակչում 8:2 հաշվով ուժեղ էր գտնվել լեհ Յակուբ Բրիլևսկուց:

Սա ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի 5-րդ մեդալն էր Եվրոպայի առաջնությունում: Նախօրեին ոսկե մեդալ էր նվաճել նաև 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը: Օգոստոսի 4-ին բրոնզե մեդալակիր էին դարձել Գեղամ Գալստյանը (65 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ): Բրոնզե մեդալի համար գոտեմարտեր եմ անցկացրել նաև Հայաստանը ներկայացնող Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Մհեր Մարկոսյանը (86 կգ), որոնք հաջողության չեն հասել:

Այսպիսով` առաջնությանը մեկնած բոլոր 8 ըմբիշները պայքարել են մեդալների համար։ Հատկանշական է, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մասնակցելով 8 ըմբիշով՝ թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ տեղը` ընդամենը 1 միավորով զիջելով երկրորդ տեղում հանգրվանած, 10 ըմբիշով առաջնությանը մասնակցած Ադրբեջանին, 6 միավորով`առաջին տեղը զբաղեցրած Ռուսաստանին, որը ևս 10 ըմբիշով էր ներկայացել։

Հիշեցնենք, որ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հրաշալի էին հանդես եկել նաև հունահռոմեական ոճի հայըմբիշները։ Մեր ընտրանին հայրենիք էր վերադարձել 1 ոսկե և 4 բրոնզե մեդալով, ինչպես նաև թիմային երրորդ տեղով։

Leave A Reply

Your email address will not be published.